Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը: Նա, ով իր մեջ կզուգակցի մարզիկի, դերասանի և գիտնականի որակները՝ անպարտելի կլինի:
Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ:
Շախմատում շատ բան կախված է ոչ միայն խաղալու հմտությունից, այլև բնավորությունից:
Ուժեղ շախմատիստը գիտի խաղի բոլոր կանոններն ու օրենքները: Տաղանդավոր շախմատիստը գիտի այն ամենը, ինչ գիտի ուժեղ շախմատիստր, բայց առանձնացնում է նաև բացառությունը կանոնից: Իսկ խոշոր շախմատային տաղանդները՝ հանճարները, այդ բացառությունը աստիճանաբար վերածում են նոր օրենքների: Եվ այսպես՝ մինչև անվերջություն, որովհետև շախմատն անսպառ է:
Շախմատում անհասանելի բարձրագույն նպատակն է խաղալ առանց սխալների: Հենց անսխալ խաղալու այդ ձգտումը ամենահրապուրիչն է այդ խաղի մեջ: Իրենց ուժի գագաթնակետին, հնարավոր է գրոսմայստերները երբեմն խաղում են առանց սխալների, բայց ստեղծագործության մնացած փուլերում վրիպումներն անխուսափելի են:
Դիրքային խաղի ուսուցումը հավասարազոր է շախմատի դասավանդմանն ընդհանրապես:
Գուցե պաշտպանվել ես ավելի շատ եմ սիրում, քան հարձակվել, բայց ով է ապացուցել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր և համարձակ գործ է, քան գրոհը:
Յուրաքանչյուր շախմատիստ, մրցելով խաղընկերոջ հետ, միաժամանակ պայքարում է ինքն իր դեմ: Ամեն մի մենամարտ կամ մրցախաղ միաժամանակ ներքին պայքար է:
Շախմատիստի կատարելագործման լավագույն և միակ հավաստի ճանապարհը վարպետների խաղն ուսումնասիրելն է:
Շախմատիստը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ լավ է խաղում:
Անհրաժեշտ է սովորել խաղալ ոչ միայն դիրքային ոճով, այլև կարողանալ գրոհել, թեկուզ դա կապված լինի համարձակության հետ: Քանի որ խիզախներին է պատկանում աշխարհը:
Լավ և երկարատև խաղալու համար պետք չէ հենվել միայն գիտելիքների և փորձի վրա: Անհրաժեշտ է շախմատին նվիրվել ամբողջովին:
Բոլոր ժամանակներում ուժեղագույն շախմատիստները գերազանցել են իրենց խաղընկերներին դիրքի հասկացության մեջ: Նրանք յուրացրել են այն ամենը, ինչ շրջանցել են նրանց խաղընկերները:
Ես միշտ տառապում էի սկզբնախաղի փոքր-ինչ «անփույթ» դրվածքով, և արդյունքը լինում էր այն, որ միջնախաղում հաճախակի ստանում էի վատ դիրք: Այդ թերությունն ինձ սովորեցրեց համբերության, վատ դիրքերով խաղերի հետ հաշտվելուն: Տարիների հետ ինձ պարզ դարձավ, որ, այսպես կոչված, վատ դիրքերը պարունակում են հսկայական հնարավորություններ, անհրաժեշտ է միայն դրանք գտնել և օգտվել:
Երիտասարդ շախմատիստները չպետք է մոռանան, որ նրանց աճին կարող են օգնել բոլորը, բայց լավ շախմատիստ կարող են դառնալ ինքնուրույն, մշտապես աշխատելով իրենց վրա: