Փոխատեղում Փոխատեղումը արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժն է, որի ժամանակ արքան իր սկզբնական դիրքից հորիզոնականով երկու դաշտ շարժվում է նավակի ուղղությամբ, իսկ նավակն էլ, իր հերթին, սկզբնական դիրքից արքային շրջանցելով, կանգնում արքայի կողքի դաշտում:
Փոխատեղումը համարվում է արքայի մեկ քայլ, այն արքան անվտանգ թաքստոց տեղափոխելու և նավակն արագ խաղի մեջ մտցնելու հնարավորություն է ընձեռում:
Դեպի արքայական թև կատարվող փոխատեղումը կոչվում է կարճ փոխատեղում, իսկ դեպի թագուհու թևը՝ երկար (քանի որ վերջինիս դեպքում նավակը տեղաշարժվում է երեք դաշտ): Նշանագրությունը. կարճ փոխատեղում՝ 0-0, երկար փոխատեղում՝ 0-0-0:
Փոխատեղումն արգելվում է հետևյալ դեպքերում.
1.Եթե արքան կամ նավակը մինչ այդ քայլ են կատարել (նույնիսկ եթե հետագայում իրենց նախնական դիրքերն են վերադարձել).
2.Եթե արքայի և նավակի միջև ֆիգուրներ են գտնվում.
3.Եթե տվյալ պահին արքային շախ է հայտարարված.
4.Եթե դաշտը, որը փոխատեղումից հետո կգրավի արքան, հարվածի տակ է.
5.Եթե դաշտը, որի վրայով անցնում է արքան, գրոհված է հակառակորդի կողմից.