2013թ-ին շախմատը մուտք գործեց հանրակրթական դպրոցներ, և Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատր որպես պարտադիր առարկա ներդրվեց, իր ամբողջ ծավալով, տարրական դպրոցներում։
,Մինչդեռ քչերին է հայտնի, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը առաջինն է նախագծել և իրականացրել այդ հրաշալի մտահղացումը և այսօր ունի շախմատ առարկայի դասավանդման տասնյակ տարիների փորձ:
Այստեղ աշխատել են անվանի մանկավարժ-մարզիչներ, այդ թվում Թևան Դավթյանը, որի հրապարակած «Սովորենք շախմատ խաղալ» գիրքը տարիներ շարունակ օգնում էր կրթահամալիրի հարյուրավոր երեխաներին ուսանելու շուրջ 2000 տարվա պատմություն ունեղոց այդ հրաշալի խաղը:
Եվ հիմա ինձ է բախտ վիճակվել շարունակելու այդ պատասխանատու գործը: Անցյալ գարնանը շախմատը կրկին ներխուժեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներ՝ ընտրովի դասընթացի տեսքով: Առարկան շատ կարճ ժամանակում վարակեց մեծ թվով սովորողների և անհրաժեշտություն առաջացավ շախմատ առարկան մտցնել նաև որպես լրացուցիչ կրթություն: Քանի որ հանրակրթական շախմատի նպատակը պրոֆեսիոնալ շախմատիստներ պատրաստելը չի, այլ ուսումնական ծրագրերում այն ներառվել է աշակերտի տրամաբանական մտածողության զարգացման համար, ապա լրացուցիչ կրթությունը շատ հաջող տարբերակ հանդիսացավ այն սովորողների համար, ովքեր ցանկություն ունեին կատարելագործելու իրենց գիտելիքները և շախմատի ասպարեզում զգալի հաջողությունների հասնել:
Շախմատը մեր երկրում բավականին մեծ պահանջարկ ունի, այդ մասին է վկայում ամեն տարի անցկացվող բազմատեսակ մրցաշարերն ու օլիմպիադաները: Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են շախմատ սովորելու ոչ միայն շախմատային մեծ վարպետներ դառնալու ակնկալիքով, այլև գիտակցում են որ այն իր հերթին նպաստում է սեփական որոշումների համար պատասխանատվություն կրող, հմուտ և կազմակերպված անհատի ձևավորմանը:
Եվ այսպես, շախմատը 2014թ-ի սեպտեմբերից ներդրվեց կրթահամալիրի կրտսեր դպրոցների «իմացումի հրճվանք» ծրագրում շաբաթական 1 ժամով, իսկ մեդիակենտրոնում բացվեց շախմատի ակումբը, որտեղ ընդգրկվեցին նաև քաղաքի այլ դպրոցներում սովորող երեխաները:
Այս ուսումնական տարում կրթահամալիրում առաջին անգամ փորձ արվեց առարկան դասավանդել դասվարի և մասնագետ-խորհրդատուի հետ համատեղ: Առաջ ընկնելով ասեմ, որ այդ, առաջին հայացքից կասկածելի թվող նախագիծը, հաջողություն ունեցավ, քանզի աշակերտների հետ միասին սովորում էին նաև դասվարները, և սովորողին հետաքրքրող ոչ մի հարց անպատասխան չէր մնում: Դասապրոցեսի ժամանակ աշակերտները ոչ միայն սովորում են անսխալ՝ կանոների համաձայն խաղալ, այլ լուծում են տրամաբանությունն ու երևակայությունը զարգացնող բազմատեսակ խնդիրներ ինչպես շախմատի այնպես էլ առարկայի հետ սերտորեն կապված մատեմատիկայի վերաբերյալ (օրինակ՝ կապը շախմատի ֆիգուրների համեմատական արժեքների և թվերի միջև): Ուսուցումը իրականացվում է էլեկտրոնային գրատախտակի, անհատական նոթբուքների և իհարկե շախմատների միջոցով: Ստեղծել եմ շախմատային ուսումնական բլոգ, որը հանդիսանում է դասավանդման բաղկացուցիչ մասը, որում առկա է տեսական նյութ, տնային առաջադրանքներ, մրցաշարերը ներկայացնող նյութեր և այլն:
Ուսուցումը ուրախալի և հաճելի դարձնելու համար կազմում եմ այնպիսի խնդիրներ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում առարկան վերածել նաև բանավոր տարբերակի, որը խթանում է երեխայի հիշողության և երևակայության զարգացմանը:
Հանրակրթական շախմատի հետ զուգահեռ կարևորվում է նաև լրացուցիչ պարապմունքները և աստիճանաբար ավելանում է դիմողների թիվը ինչպես կրթահամալիրի շրջանակներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:: Եթե սկզբնական շրջանում սովորողների թիվը կազմում էր 12 հոգի, ապա այժմ նրանց թիվը հասել է 27-ի, որոնցից 15-ը հաճախում են քաղաքի 7 տարբեր դպրոցներ: Հիմնական կորիզը կազմում են 5-8 տարեկան երեխաները: Ամիսների ընթացքում պարզվեց, որ 6-7 տարեկան հասակը շախմատը յուրացնելու լավագույն տարիքն է համարվում: Ավելի վաղ՝ 5 տարեկան հասակից սկսած շախմատ սովորելու դեպքում երեխան ունենում է առավելություն մյուսների նկատմամբ:
Այսպիսով շախմատը շարունակում է արժևորվել կրթահամալիրի կյանքում: Քրտնաջան և եռանդուն աշխատանքը տվեց իր պտուղները: Հոկտեմբեր ամիսը դարձավ շախմատային եռուզեռի և խանդավառության ամիս:
Եվ այսպես՝ նախագծվեց և իրականացվեց շախմատային մրցաշար կրթահամալիրի կրտսեր դպրոցների շրջանակներում, որի արդյունքում որոշվեց լավագույն դպրոցը, իսկ մասնակիցները պարգևատրվեցին (գովասանագրեր և շախմատի ժամացույցներ):
Ապա կրթահամալիրից ընտրվեց լավագույն թիմ, որը մասնակցեց շախմատի ակադեմիայում անցկացվող դպրոցական 9-րդ օլիմպիադային:
Այնուհետև, լրացուցիչ կրթությունը ներկայացնող 4 սովորող մասնակցեց Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող որակավորման 4-րդ կարգի մրցաշարին: Նրանցից 3-ը լրացրեցին 4-րդ կարգ, որը բավականին մեծ հաջողությունն էր մեզ համար:
Նոյեմբեր ամսին տեղի ունեցավ նաև դասվարների շախմատային առաջնություն, որին մասնակցեցին 4 կրտսեր դպրոցների ուսուցիչները:
2014թ-ը նույնպես սկսվեց հաճելի անակնկալներով: Նախ՝ փետրվար ամսին կրթահամալիրի սաները մասնակցեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի օլիմպիադային և գրավեցին պատվավոր 3-րդ տեղը:
Իսկ ահա մարտի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող որակավորման 4-րդ կարգի մրցաշարին մասնակցեց արդեն թվով 12 սովորող, որոնցից 7-ը լրացրեցին 4-րդ կարգ և անցան հաջորդ փուլ, ցուցաբերելով բարձր արդյունավետություն:
Եվ սա դեռ սկիզբն է:
Շախմատի նկատմամբ հետաքրքրությունը և պահանջը ստիպում է ինձ ստեղծել նորանոր նախագծեր և դրանք կյանքի կոչել: Դա է պատճառը, որ ստեղծվել է անհրաժեշտություն կրթահամալիրում ևս անցկացնելու որակավորման մրցաշարեր, որի անցկացման իրավունքը ունի ինչպես կրթահամալիրը, այնպես էլ ես:
Եվ այսպես, հունիս ամսին նախատեսվում է իրականացնել որակավորման 4-րդ կարգի մրցաշար հենց մեդիակենտրոնում՝ մի հրաշալի նախագիծ, որին համոզված եմ անհամբերությամբ սպասում են ինչպես երեխաները այնպես էլ նրանց ծնողները: Մրցաշարը կլինի բաց, կարող են մասնակցել նաև այլ դպրոցների սովորողներ՝ առանց տարիքային սահմանափակումների:
Անակնկալները դեռ առջևում են…