Մրցաշարային կանոններ: Քայլերի կատարումը: Շախմատային ժամացույցներ:

kanon

Քայլերի կատարումը

Յուրաքանչյուր քայլ պետք է կատարվի միայն մեկ ձեռքով: Քայլը համարվում է կատարված, եթե խաղաքարը նոր դաշտ է տեղափոխվել և տեղադրվել՝ ձեռքը դրանից հեռացնելով: Կատարած քայլը փոխել չի թույլատրվում:
Սակայն, քանի դեռ ձեռքը խաղաքարից կտրված չէ, դրանով կարելի է ցանկացած հնարավոր այլ դաշտ քայլ կատարել:

Եթե մրցակիցներից մեկը, իր քայլի դեպքում, որևէ խաղաքարի է դիպչում, ապա պարտավոր է դրանով քայլ կատարել (ձեռք ես տվել՝ քայլ կատարիր), իսկ եթե հակառակորդի որևէ խաղաքարին՝ ապա պարտավոր է այն վերցնել: Սակայն, եթե ձեռք տված խաղաքարը քայլ կատարելու հնարավորություն չունի, իսկ հակառակորդի խաղաքարը վերցնելը նույնպես անհնար է, ապա վարմունքն անհետևանք է մնում:
Եթե մրցակիցներից մեկը միանգամից և սեփական, և հակառակորդի խաղաքարին է դիպչում, ապա պարտավոր է վերցնել հակառակորդի խաղաքարն այն սեփական խաղաքարով, որին և ձեռք էր տվել, իսկ եթե դա հնարավոր չէ՝ ապա ցանկացած այլ խաղաքարով: Եթե ձեռք տված խաղաքարը վերցնելն ընդհանրապես հնարավոր չէ, ապա տվյալ մրցակիցը պարտավոր է քայլ կատարել այն սեփական խաղաքարով, որին և նախապես ձեռք էր տվել:
Եթե մրցակիցներից մեկը փոխատեղում կատարելու ժամանակ ձեռք է տալիս արքային և նավակին, սակայն փոխատեղումն այդ ուղղությամբ անհնարին է լինոմ կատարել, ապա նա պարտավոր է քայլ կատարել արքայով (որը կարող է լինել նաև մյուս թևում փոխատեղումը):
Եթե մրցակիցը փոխատեղման ժամանակ առաջինը դիպչում է նավակին, այնուհետև արքային, ապա պարտավոր է քայլ կատարել նավակով:
Երբ մրցակիցներից մեկը զինվորի փոխարկում է կատարում, ապա խաղաքարի ընտրությունն ավարտված է համարվում այն պահին, երբ այդ խաղաքարը դիպչում է փոխարկման դաշտին:
Եթե մրցակիցներից մեկը ցանկանում է ուղղել որևէ խաղաքարի դիրքը վանդակում, ապա նախապես պետք է հակառակորդին զգուշացնի՝ «Ուղղում եմ» արտասանելով, և նոր միայն՝ ուղղի: Ուղղել կարելի է միմիայն մրցակցի ներկայությամբ, իսկ եթե վերջինս հեռացել է խաղատախտակի մոտից, ապա՝ մրցավարին տեղյակ պահելուց հետո:
Ոչ-ոքիի բանակցությունները սովորաբար սկսում են հերթական քայլը կատարելուց հետո: Մրցակիցը կարող է այն ընդունել, կարող է և մերժել՝ խոսքով կամ հերթական քայլը կատարելով: Մինչ այդ՝ ոչ-ոքի առաջարկողն իր առաջարկը ետ վերցնելու իրավունք չունի: Եթե ոչ-ոքիի առաջարկը մինչ քայլ կատարելն է արվել, ապա հակառակորդն իրավունք ունի պահանջելու, որ նախապես քայլ կատարվի, իսկ առաջարկությունը, այնուամենայնիվ, ուժի մեջ է մնում:
«Շախ»  կամ  «մատ»  բարձրաձայն արտասանելը պարտադիր չէ:

1029600065Շախմատային ժամացույցներ

«Շախմատային ժամացույցն» այնպիսի ժամացույց է, որի ժամանակ երկու թվացույցները միմյանց կապակցված են այնպես, որ միաժամանակ աշխատել չեն կարող: Շախմատի կանոններում ժամացույցը նշանակում է երկու թվացույցներից մեկը: Յուրաքանչյուր թվացույց ունի «դրոշակ»: «Դրոշակի ընկնելը» նշանակում է խաղացողին հատկացված ժամանակի սպառում:

Շախմատային ժամացույց օգտագործելիս`յուրաքանչյուր խաղացող պետք է կատարի քայլերի նվազագույն քանակը կամ բոլոր քայլերը հատկացված ժամանակի ընթացքում, և (կամ) յուրաքանչյուր քայլի համար կարող է տրվել լրացուցիչ ժամանակ:
Խաղասկզբի համար սահմանված ժամին գործի է դրվում սպիտակներով խաղացողի ժամանակը:
Խաղի ընթացքում յուրաքանչյուր խաղացող՝ խաղատախտակի վրա քայլ կատարելուց հետո, պետք է կանգնեցնի իր ժամացույցը՝ գործի դնելով հակառակորդինը: Խաղացողը միշտ պետք է հնարավորություն ունենա կանգնեցնել իր ժամացույցը: Քանի դեռ խաղացողի ժամացույցն աշխատում է, նրա քայլն ավարտված չի համարվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ քայլով ավարտվում է պարտիան: Խաղատախտակի վրա քայլ կատարելու և հակառակորդի ժամացույցը գործի դնելու միջև ընկած ժամանակահատվածը՝ տվյալ խաղացողին հատկացված ժամանակի մասն է կազմում:
Խաղացողը պարտավոր է կանգնեցնել իր ժամացույցը՝ գործի դնելով հակառակորդինը, այն ձեռքով, որով կատարել է քայլը: Խաղացողին արգելվում է սեղմած պահել ժամացույցի կոճակը, կամ իր մատը պահել կոճակի վրա:
Դրոշակը համարվում է ընկած, երբ մրցավարը արձանագրում է այդ փաստը կամ խաղացողներից մեկն այդ մասին անում է համապատասխան հայտարարություն:
Եթե ծագում է պարտիան ընդհատելու անհրաժեշտություն, ժամացույցը պետք է կանգնեցնի մրցավարը: Խաղացողը կարող է ժամացույցը կանգնեցնել միայն այն դեպքում, երբ առաջանում է մրցավարի միջամտության կարիքը. օրինակ, եթե փոխարկման ժամանակ նրա ձեռքի տակ չկա պահանջվող խաղաքարը:
Բացի այդ, որոշ դեպքերում, եթե խաղացողին մնացել է 2 րոպեից պակաս ժամանակ, ապա, մինչև իր դրոշակի ընկնելը, քայլ կատարողը կարող է ժամանակը կանգնեցնել և դիմել մրցավարին ոչ-ոքիի պահանջով: Այդ դեպքում, եթե մրցավարը համաձայնի, որ հակառակորդն ընդունված միջոցներով հաղթելու համար ջանքեր չի գործադրում կամ ընդունված միջոցներով հաղթել հնարավոր չէ, ապա նա պետք է պարտիան հայտարարի ոչ-ոքի: Հակառակ դեպքում, նա պետք է հետաձգի որոշում կայացնելը՝ հակառակորդին ավելացնելով 2 րոպե, կամ մերժի պահանջը:

Քայլերի գրառումը
Խաղի ընթացքում յուրաքանչյուր խաղացող պարտավոր է գրի առնել իր և մրցակցի քայլերը ճիշտ, քայլ առ քայլ, հնարավորինս հասկանալի և ընթեռնելի, մրցաշարի համար նախատեսված «բլանկում»: Ցանկության դեպքում խաղացողը կարող է պատասխանել հակառակորդի քայլին մինչև այն գրի առնելը, սակայն, մինչը հաջորդ քայլ կատարելը, նա պարտավոր է գրի առնել իր նախորդ քայլը: Եթե խաղացողի ժամացույցին մնացել է 5 րոպեից պակաս, և նրան հատկացված չէ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան կամ ավելի լրացուցիչ ժամանակ, ապա նա կարող է գրի չառնել քայլերը: Սակայն, դրոշակներից մեկի ընկնելուց անմիջապես հետո, մինչև խաղատախտակի վրա խաղաքար տեղաշարժելը, խաղացողը պետք է կատարված բոլոր քայլերը գրառի իր բլանկում: Իր քայլի ժամանակ խաղացողը կարող է օգտվել հակառակորդի բլանկից, բայց պետք է վերադարձնի այն՝ մինչև քայլ կատարելը:

Խախտումներ
Եթե խաղի ընթացքում հայտնաբերվի, որ խաղաքարերի սկզբնական դիրքը սխալ է եղել, պարտիան պետք է համարվի չեղյալ և խաղացվի նորը:
Եթե խաղի ընթացքում հայտնաբերվի, որ խաղատախտակը սխալ է դրվել, ապա պարտիան պետք է շարունակվի՝ ստեղծված դիրքը տեղափոխելով ճիշտ տեղադրված խաղատախտակի վրա:
Եթե պարտիան սկսվել է խաղաքարերի հակառակ գույնով, այն պետք է շարունակվի, եթե մրցավարն այլ որոշում չի կայացնում:
Եթե խաղացողը խախտել է մեկ կամ ավելի խաղաքարերի դասավորությունը, նա պետք է ճիշտ դիրքը վերականգնի իր ժամանակի հաշվին:
Եթե խաղի ընթացքում հայտնաբերվի, որ կատարվել է անհնարին քայլ, այդ թվում՝ վերցված է հակառակորդի արքան կամ չեն կատարվել զինվորի փոխարկման հետ կապված պահանջները, ապա պետք է վերականգնվի այն դիրքը, որը ստեղծվել էր անմիջապես մինչև խախտում կատարելը: Խաղացողի կողմից առաջին երկու անհնարին քայլ կատարելու համար մրցավարը պետք է հակառակորդին ավելացնի 2-ական րոպե, սակայն նույն խաղացողի կողմից երրորդ անհնարին քայլի դեպքում պարտիան համարվում է այդ խաղացողի կողմից պարտված:
Այդուհանդերձ, այն դեպքում, երբ հակառակորդը հնարավոր քայլերի ցանկացած շարքով չի կարող մատ հայտարարել խաղացողի արքային, պարտիան ավարտվում է ոչ-ոքի:

ՖԻԴԵ-ի շախմատի կանոնները առ 1-ը հունվարի 2018թ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s