2017-2018 ուսումնական տարում շախմատի դասընթացի կազմակերպումն ու իրականացումը կրկին կլինի բազմատեսակ մրցաշարերի և նախագծերի տեսքով։ Կրկին մեծ ուշադրություն է առանձնացվելու տարրական դասարանների դասվարների ուսուցմանը – շախմատային սեմինարներ, որակավորման մրցաշարեր և առցանց ուսուցում։ Եվ ամենակարևորը՝կշարունակենք մեր ավանդույթը՝ Շախմատի ֆլեշմոբը։
Օրացուցային պլան
Կրթահամալիրում սովորող երեխաները և շախմատի լրացուցիչ կրթության սովորողները տարվա ընթացքում մասնակցում են հետևյալ մրցաշարերին և նախագծերին.
Ներդասարանային մրցաշարեր – շաբաթը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Ներդպրոցական մրցաշարեր – ամիսը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Միջդպրոցական առաջնություններ – կրթահամալիրի աշնանային (հոկտեմբեր ամսին) և գարնանային (մարտ ամսին) օլիմպիադաներ – ընտրական փուլը դպրոցներում, եզրափակիչը՝ մեդիակենտրոնում
Ներդասարանային մրցաշարերը կազմակերպում և իրականացնում են դասվարները իմ համակարգմամբ։ Ներդպրոցական և միջդպրոցական մրցաշարերը համակարգում և իրականացնում եմ ես դասվարների ակտիվ մասնակցությամբ։
4-րդ կարգի որակավորման մրցաշար – նոյեմբեր և ապրիլ ամիսներին, մեդիակենտրոնում
3-րդ կարգի որակավորման մրցաշար – նոյեմբեր և ապրիլ ամիսներին, մեդիակենտրոնում
2-րդ և 1-ին կարգի որակավորման մրցաշարեր – Տ․Պետրոսյանի անվան Շախմատի տանը
Դպրոցականների օլիմպիադայի համայնքային փուլ – Շախմատի ակադեմիայում նոյեմբեր ամսին
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար – Շախմատի ակադեմիայում (հունվարի 8-16ը)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի օլիմպիադա – Շախմատի ակադեմիայի Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ, փետրվար ամսին
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար – Ջերմուկ քաղաքում (հուլիսի 1-11ը)
4-րդ և 3-րդ կարգի որակավորման մրցաշարերը անցկացնում եմ ես մեդիակենտրոնում։ 4-րդ կարգի մրցաշարին մասնակցում են միջդպրոցական առաջնություններին լավագույն արդյունքներ ցույց տված սովորողները։ Մնացած մրցաշարերին մասնակցում են համապատասխան գիտելիքներ և մարզական կարգ ունեցող սովորողները։
Շախմատի ամենամսյա ֆլեշմոբ – ամսվա վերջին ուրբաթ օրը, առցանց։
Ֆլեշմոբի առաջադրանքները կազմում եմ ես և ինքս էլ ստուգում եմ պատասխանները։ Այնուհետև դասվարների հետ միասին վերլուծում ենք բոլոր խնդիրները։
Շախմատի լրացուցիչ կրթություն – նախատեսված է տարատարիք սովորողների համար նրանց շախմատային գիտելիքները խորացնելու նպատակով։ Պարապմունքներն անցկացվում են դասերից հետո կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և մեդիակենտրոնում։ Մասնակցում են ինչպես կրթահամալիրի, այնպես էլ այլ դպրոցներում սովորող երեխաները։