2022-2023 ուսումնական տարում շախմատի դասընթացի կազմակերպումն ու իրականացումը կրկին կլինի բազմատեսակ մրցաշարերի և յուրօրինակ նախագծերի տեսքով։
Շախմատի ուսումնական կենտրոնի հիմնական նպատակը հանրակրթական շախմատի զարգացումն ու տարածումն է կրթահամալիրի դպրոցներում, այսուհետ նաև ընտանեկան դպրոցում։
Շախմատը կրթահամալիրում ներառված է «Իմացումի հրճվանք» ծրագրում։ Առարկան դասավանդում են տարրական դասարանների դասվարները իմ անմիջական մասնակցությամբ և համակարգմամբ։ Ծրագրի նախագիծը՝ այստեղ։
Օրացուցային պլան
Կրթահամալիրում սովորող երեխաները և շախմատի լրացուցիչ կրթության սովորողները տարվա ընթացքում մասնակցում են հետևյալ մրցաշարերին և նախագծերին.
Ներդասարանային մրցաշարեր – շաբաթը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Ներդպրոցական մրցաշարեր – ամիսը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Միջդպրոցական առաջնություններ – կրթահամալիրի աշնանային (հոկտեմբերի 17-21-ը) և գարնանային (ապրիլի 17-21-ը) օլիմպիադաներ – ընտրական փուլը դպրոցներում, եզրափակիչը՝ Մեդիակենտրոնում
Ներդասարանային մրցաշարերը կազմակերպում և իրականացնում են դասվարներն իմ համակարգմամբ։ Ներդպրոցական և միջդպրոցական մրցաշարերը համակարգում և իրականացնում եմ ես՝ դասվարների ակտիվ մասնակցությամբ։
4-րդ կարգի որակավորման մրցաշար – Շախմատի ֆեդերացիայի դպրոցներում և Շախմատի Ակադեմիայում
3-րդ կարգի որակավորման մրցաշար – Շախմատի ֆեդերացիայի դպրոցներում և Շախմատի Ակադեմիայում
2-րդ և 1-ին կարգի որակավորման մրցաշարեր – Տ․Պետրոսյանի անվան Շախմատի տանը և Շախմատի Ակադեմիայում
Արագ Շախմատի մրցաշար ձմեռային ճամբարում – Հունվարի 16-20-ը՝ կրտսեր դպրոցներում և մեդիակենտրոնում
Պատանեկան առաջնություններ – Տ․Պետրոսյանի անվան Շախմատի տանը հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար – Շախմատի ակադեմիայում (հունվարի 8-16ը)
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար – Ջերմուկ քաղաքում (հուլիսի 1-11ը)
Շախմատի ամենամսյա ֆլեշմոբ – ամսվա վերջին ուրբաթ օրը, առցանց
Ֆլեշմոբի առաջադրանքները կազմում եմ ես, և ինքս էլ ստուգում եմ պատասխանները։ Այնուհետև դասվարների հետ միասին վերլուծում ենք բոլոր խնդիրները։
Շախմատի լրացուցիչ կրթություն – նախատեսված է տարատարիք սովորողների համար նրանց շախմատային գիտելիքները խորացնելու նպատակով։ Պարապմունքներն անցկացվում են դասերից հետո կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և մեդիակենտրոնում։ Մասնակցում են ինչպես կրթահամալիրի, այնպես էլ այլ դպրոցներում սովորող երեխաները։
Դասվարների շախմատային գիտելիքներն ու ընդունակությունները խորացնելու նպատակով կազմակերպվում են շախմատային սեմինարներ, ստուգիչ մրցաշարեր և առցանց ուսուցում։
Ընտանեկան դպրոց
Կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասարանների հետ անցկացվում են շախմատի առցանց պարապմունքներ դասվարների մասնակցությամբ՝ 40 րոպե տևողությամբ։
Դասվարները նախապես սովորողներին ուղարկում են իմ կազմած առաջադրանքների փաթեթը, ապա առցանց պարապմունքների ժամանակ քննարկում ենք, վերլուծում։ Բացի այդ խնդիրները լուծում են, տեսագրում և ուղարկում ինձ, դասվարներին։
Դասվարները և սովորողները գրանցվում են lichess.org կայքում՝ շախմատի առցանց հարթակում, և միասին շախմատ են խաղում։ Կազմակերպվում են մրցաշարեր իմ համակարգմամբ։ Ես միաժամանակ կարողանում եմ հետևել բոլոր խաղերին և տեսագրել։