Հարցազրույց Սոս Սարգսյանի հետ

 

UntitledՇախմատի կախարդիչ, հրաշալի հեքիաթը.

Սոս Սարգսյան  

-Դուք լավ շախմատ եք խաղում և շախմատի մեծ սիրահար եք: Ինչու եք սիրում շախմատը:
-Դա նույնն է, եթե հարցնեք, թե ինչու եմ սիրում թատրոնը: Երկուսն էլ արվեստի ամենահրաշալի արտահայտություններն են. և բեմ բարձրանալիս, և շախմատ խաղալիս ինձ զգում եմ հեքիաթային մի աշխարհում: Առօրյա կյանքում մեր հոգսերի, կենցաղային բարդությունների մեջ թատրոնն ու շախմատը ինձ համար այն հեքիաթներն են, առանց որոնց դժվար կլիներ ապրել:

-Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունի շախմատը մարդու կյանքում:
-Այն նշանակությունը, ինչ արվեստը: Կարծում եմ, սկզբնական շրջանում շախմատը հենց արվեստ էր, բայց հետագայում այդ արվեստի գիտակների, տեղյակ մարդկանց բազմացումը բերեց պայքար նրանց միջև, որը սպորտի ամենաառաջին հատկանիշն է: Անձամբ ինձ համար շախմատն արվեստ է:
-Ի՞նչ կասեք ժամանակակից շախմատի մասին:
-Իմ կարծիքով, մեր ժամանակներում շախմատային մրցումներում պետք է բարեփոխումներ կատարել` պայքարն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հինգժամյա խաղաչափի լիմիտը պակաս շնորհալի շախմատիստներին հնարավորություն է տալիս տաղանդավորներին հակադրելու, եթե այսպես կարելի է ասել, մի տեսակ անխոցելի հիշողություն: Ուրեմն, կարծում եմ, ճիշտ կլինի, եթե հինգժամյա այդ լիմիտը կրճատվի, որպեսզի խաղալիս ավելի հզոր զենք դառնան տաղանդը, ֆանտազիան, ինտուիցիան, այլ ոչ թե հիշողությունը, գիտելիքները և, մանավանդ, հաշվարկումները:
-Երբվանի՞ց եք շախմատ խաղում:
-Ցավոք, իմ մանկության տարիներին շախմատն այսքան տարածված չէր, և Ստեփանավանում ես պատկերացում չունեի այդ հրաշալի խաղի մասին: Շախմատ սկսել եմ խաղալ 7-8-րդ դասարանից, իմ «ուսուցչին»   անմիջապես հաղթել եմ, այդ օրվանից անբաժան եմ շախմատից: Պետք է անհամեստ գտնվեմ և ասեմ, որ իմ մեջ տեսնում եմ շախմատային ունակություններ: Եթե մանկությանս օրերին մի գիտակ հետաքրքրվեր իմ անձով, գուցե ինձանից շախմատիստ դուրս գար…
-Եթե ամեն ինչ սկսվեր նորից, հնարավո՞ր է, որ դուք շախմատը գերադասեիք թատրոնից:
-Հիմա արդեն դժվար է պատասխանել: Համենայնդեպս, շատ կտատանվեի, որովհետև շախմատում էլ, թատրոնի նման, երբ «անշունչ» ֆիգուրները սկսում են «կենդանանալ», ինձ համար մի ամբողջ հրաշք է սկսվում, և ես այնպիսի ապրումներ եմ ունենում, որ չեմ կարող բացատրել: Խաղատախտակին նայելիս հմայվում եմ նույնչափ, որքան բեմին: Շախմատն էլ մի բեմ է, որտեղ ինչ տեսակ ասես դրամաներ, ողբերգություններ ու կոմեդիաներ են խաղացվում: Չէ՞ որ շախմատի ֆիգուրներն էլ, պիեսների գործող անձանց նման, ունեն իրենց հզոր և թույլ, խոցելի տեղերը, ճիշտ և սխալ քայլերը, որոնց հետևանքները, ինչպես և կյանքում, դժվար է կանխորոշել:
-Երբևիցե շախմատի հետ առնչվող դերեր խաղացե՞լ եք:
-Ճիշտն ասած, ոչ: Բայց կարծում եմ, դա շատ հետաքրքիր կլիներ, քանի որ ինձ շատ հարազատ են շախմատիստի ապրումները: Մի ժամանակ ամենապատասխանատու դերերից առաջ և նույնիսկ ներկայացումների ընդմիջումներին շախմատ էի խաղում: Դա ինձ օգնում էր ազատվել մկանային կաշկանդվածությունից, ուժերս վերականգնվում էին: Հատկապես այդպես էր, երբ խաղում էի իմ շատ-շատ սիրելի Դոն Քիշոտը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն շախմատային հակառակորդին, որը ձեզ հաղթել է:
-Ես մարդուն գնահատելու իմ չափանիշներն ունեմ, և նա, ով լավ շախմատ է խաղում, արդեն հետաքրքիր երանգ ունի: Իսկ ինձ հաղթող հակառակորդիս հանդեպ ես տածում եմ հարգանք և միայն հարգանք:
-Երբևիցե խաղացե՞լ եք գրոսմայստերի հետ:
-Միաժամանակյա խաղի սեանսում հանդիպել եմ Վահանյանի հետ և պարտվել եմ: Շատ հետաքրքիր էր: Դա առաջին պարտությունն էր իմ կյանքում, որի համար չտխրեցի, ընդհակառակը` ուրախացա:
Շախմատը, ինչպես և թատրոնը, կլանում է մինչև վերջ, և պետք է, արդյունքի հասնելու  համար, նվիրվես ամբողջությամբ:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s