Շախմատի խաղաքարերի անվանումների պատմությունը


Ինչո՞ւ են շախմատի խաղաքարերն այդպես կոչվում

Ինչո՞ւ շախմատի փիղը ամենևին էլ նման չէ փղի, իսկ նավակը՝ նավակի, ինչո՞ւ որոշ լեզուներում որոշ խաղաքարեր ունեն մի քանի անվանում։ Այս ամենն այն պատճառով է ստացվել, որ այս խաղը շատ հին է և ստեղծվել է Հին Հնդկաստանում մ.թ. 6-րդ դարում:

Հնում շախմատն անվանում էին «չատուրանգա», որը հին հնդկերենից թարգմանաբար նշանակում է «բանակների չորս զորամիավորում»: Այն արդեն իսկ շատ նման էր մերօրյա շախմատին. խաղը տեղի էր ունենում 8×8 խաղատախտակի վրա, սակայն վանդակները միագույն էին։ Խաղին մասնակցում էին ոչ թե երկու խաղացող, այլ՝ չորս, որոնցից յուրաքանչյուրն իր «զորքը» շարում էր խաղատախտակի մի անկյունում՝ հետևազոր (զինվորներ), հեծելազոր (ձի), ռազմական փղեր (փիղ) և ռազմակառք (նավակ), իսկ թագուհի չկար: Զորքը ղեկավարում էր ռաջան՝ հնդիկ թագավորը: Խաղաքարերն ունեին չորս գույն՝ սև, կանաչ, դեղին և կարմիր: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ ոչնչանում էին հակառակորդի բոլոր խաղաքարերը:
Արքան և ձին քայլում էին այնպես ինչպես հիմա, զինվորը առաջին քայլի ժամանակ իրավունք չուներ երկու վանդակ տեղաշարժվել, նավակը շարժվում էր ուղղահայաց և հորիզոնական գծերով, բայց մեկ վանդակ, իսկ փիղը կարող էր շարժվել միայն առաջ կամ անկյունագիծ՝ կրկին մեկ վանդակ:
Շախմատը՝ Չատուրանգան, Հնդկաստանից տարածվեց հարևան երկրներ․ Չինաստանում այն սկսեցին անվանել Սյանցի, Ճապոնիայում՝ Սյոգի, Թաիլանդում՝ Մակրուկ, Պարսկաստանում՝ Շատրանգ, իսկ արաբները անվանեցին Շատրանջ։
Պարսիկներն ու արաբները որոշ չափով փոփոխեցին կանոնները և այն ավելի նմանվեց ներկայիս շախմատին: Խաղատախտակի վանդակներն ունեցան երկու գույն՝ բաց և մուգ, չորս խաղացողների փոխարեն արդեն սկսեցին խաղալ երկուսը՝ օգտագործելով խաղաքարերի երկու կոմպլեկտ:
Քանի որ ստացվեց երկու ռաջա (Պարսկաստանում այն սկսեցին անվանել «շախ»՝ ինչպես իրենց արքային), նրանցից մեկի «կոչումը արժեզրկվեց», և երկրորդ ռաջան դարձավ թագուհի: Թագուհին շատ թույլ խաղաքար էր. այն կարող եր շարժվել միայն անկյունագծով և միայն մեկ վանդակ: Պարսկաստանում նոր կանոն ի հայտ եկավ՝ խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև թագավորին կհայտարարվի «մատ»: Եթե փորձենք թարգմանել «շախմատ» բառը պարսկերենից, ապա կստացվի «մահ արքային» (շահ-արքա և մատ-մահացավ):
9-րդ դարում այս խաղը եկավ Եվրոպա, որտեղ կանոնները աստիճանաբար փոխվեցին և շախմատը վերածվեց այն խաղին, որը մենք գիտենք այժմ: Ռուսաստան խաղի նախնական տարբերակը, սակայն, եկավ ոչ թե Եվրոպայից, այլ Միջին Ասիայից: Այս է պատճառը, որ խաղաքարերի անվանումներն ունեն բառացի թարմանություն արաբերենից և պարսկերենից: Այնուհետև՝ 11-րդ դարում, շախմատի եվրոպական կանոնները հասան Ռուսաստան: Եվ հենց այս պատճառով է, որ խաղաքարերն ունեն երկու անվանում՝ հին ռուսական շախմատից և եվրոպականից: Հայաստանում, պարսկերենից փոխառյալ բառով, շախմատն անվանեցին ճատրակ, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում:

Արքա (ռուս․՝ Король, անգլ․՝ King) – Շախմատային արքան բոլոր լեզուներում նշանակում է գերագույն ղեկավար` Անգլիայում` King, Գերմանիայում` König, Ֆրանսիայում` Roi, Բուլղարիայում` Цар (լատիներեն՝ Rex, հունարեն`Vasiliás, եբրայերեն`Melech)

Թագուհի (ռուս․՝ Ферзь, անգլ․՝ Queen) – Ռուսերենում «Ферзь» բառը գալիս է պարսկերենից: Կա մի քանի վարկած, թե ինչ է այն նշանակում` Farzana (իմաստուն, խորհրդատու), Ferz (վեզիր, առաջին նախարար):
Եվրոպայում՝ 15-րդ դարում «վեզիրը» վերածվեց «թագուհու»: Այս թույլ խաղաքարն այժմ ստացավ նոր հնարավորություններ` շարժվելով բոլոր ուղղություններով ցանկացած հեռավորությամբ: Շատ պատմաբաններ այս փաստը կապում են Եվրոպայում հզոր թագուհի Իզաբելլա Կաստիլսկայի դերի հետ՝ նա հրամայել էր, որ այսուհետ թագուհին պետք է լինի խաղադաշտի ամենահզոր ֆիգուրը: Բոլոր լեզուներում այս խաղաքարը սկսեցին անվանել թագուհի կամ Տիկին` Dame`Ֆրանսիայում և Գերմանիայում (Դամա, Գառդե, խոսակցական հայերեն), Donna` Իտալիայում, Queen` Անգլիայում, Царица` Բուլղարիայում, Кралица` Մակեդոնիայում: Հետաքրքիր է, որ միայն Լեհաստանում այն ունի իր սեփական անվանումը`Гетман (Hetman) (լատիներեն՝ Regina, հունարեն` Vasílissa, եբրայերեն`Malka):

Նավակ (ռուս․՝ Ладья, անգլ․՝ Rook) – Հնդկական խաղում նավակը ռազմական կառք (ռատխի) էր: Պատկերվում էր այն ձիերի խմբով: Միգուցե հենց այստեղից է առաջացել կառք – ռուխ պարսկերեն անվանումը․ Հենց նույն Ռուխ Հավքը`«1000 ու մի գիշեր» հեքիաթից: Խաղաքարը նույնպես սկսեցին պատկերել թռչնի տեսքով: Ֆրանսերենում այն նշանակում է «աշտարակ» (Tour՝ տուռա, խոսակցական հայերեն): Հենց այսպես էլ ֆրանսիացիներն անվանում են այս խաղաքարը: Գրեթե բոլոր եվրոպական լեզուներում այն ունի նմանատիպ նշանակություն: Ինչո՞ւ են եվրոպացիները հնդկական կառքը անվանում աշտարակ: Պատճառն այն է, որ իսպանացիները առաջին անգամ հանդիպելով այս խաղի հետ՝ պարսկերեն «ռուխ» բառն ընկալեցին որպես «Rocco»: Այդպես էին նրանք անվանում աշտարակները։ Այսպիսով, շախմատի այս խաղաքարը սկսեցին պատկերել ոչ թե թռչնի կամ կառքի տեսքով, այլ աշտարակի (լատիներեն՝ Turris, հունարեն` Pýrgos, եբրայերեն`Tzariach):

Փիղ (ռուս․՝ Слон, անգլ․՝ Bishop) – Շախմատի հին տարբերակում այս խաղաքարն իրենից ներկայացնում էր ռազմական փիղ՝ հեծյալի հետ միասին: Սակայն Եվրոպայում փղի (պարսկերեն «ֆիլ») անվանումը վերածվեց «ծաղրածու»-ի («ֆուլ»): Շախմատային հին գրքերում այս խաղաքարը պատկերել են գլխարկով մի մարդու: Մինչ այժմ էլ Ֆրանսիայում փղին անվանում են Fou (ֆու)՝ ծաղրածու: Ավելի ուշ այս խաղաքարը ստացավ ավելի պատվավոր անվանում՝ եպիսկոպոս (Bishop)՝ Անգլիայում, վազորդ (Läufer)՝ Գերմանիայում, սուրհանդակ (Goniec)՝ Լեհաստանում, հրաձիգ (Střelec)՝ Չեխայում, որսորդ (Lovec)՝ Սլովենիայում և Խորվաթիայում, սպա՝ офицер՝ Բուլղարիայում և Հունաստանում: Ռուսաստանում նույնպես հեղափոխութունից առաջ ընդունված էր անվանել «սպա» (աֆիցեր, խոսակցական հայերեն): Դրանից հետո միայն այն պաշտոնապես անվանվեց «փիղ»: Խաղաքարի ձևը մնաց նույնը: Այս է պատճառը, որ շախմատային փիղը նման է ոչ թե փղի (կնճիթով կենդանու), այլ մարդու՝ երկար գլխարկով (եպիսկոպոս, սպա) (լատիներեն՝ Signifer, Cursor, հունարեն` Axiomatikós, եբրայերեն`Ratz):

Ձի (ռուս․՝ Конь, անգլ․՝ Knight) – Շախմատի հին տարբերակում այս խաղաքարն իրենից ներկայացնում էր հեծյալ: Ժամանակի ընթացքում այն պարզեցվեց՝ մնալով միայն ձին: Սակայն, մի շարք եվրոպական լեզուներում այն շարունակում են անվանել հեծյալ. Ֆրանսիայում` Cavalier, իսկ Անգլիայում՝ Knight (ասպետ): Իսկ ահա այլ լեզուներում «մարդկային բաղադրիչը» այս խաղաքարից անհետացել է: Հայերենում այն անվանում են պարզապես «ձի», իսկ ահա Գերմանիայում (Springer) և Լեհաստանում (Skoczek) այն թարգմանվում է որպես «ցատկող» (լատիներեն՝ Eques, հունարեն` Ippos, եբրայերեն`Parash):

Զինվոր (ռուս․՝ Пешка, անգլ․՝ Pawn) – Եվրոպական մի շարք լեզուներում «զինվոր» բառն ունի նույն համարժեքը: Իսկ ահա Գերմանիայում զինվորի անվանումը՝ « Bauer» թարգմանվում է որպես գյուղացի (լատիներեն՝ Pedes, հունարեն` Pióni, եբրայերեն`Regli):

Շախմատի գյուտի պատմություն

Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»: Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու։

Խաղաքարերի անվանումները

Արքա – Ռաջա, Լորդ, Թագավոր.

Թագուհի – Իմաստուն, Խորհրդատու, Վեզիր, Նախարար, Տիկին, Դամա, Լեդի, Դոննա, Ֆերզ, Մինիստր, Գառդե․

Նավակ – Աշտարակ, Բերդ, Ամրոց, Կառք, Ռուխ, Բաստիոն, Տուռա․

Փիղ – Եպիսկոպոս, Սուրհանդակ, Ծաղրածու, Վազորդ, Որսորդ, Հրաձիգ, Սպա, Ալֆիլ, Աֆիցեր․

Ձի – Ասպետ, Հեծյալ, Ցատկող․

Զինվոր – Գյուղացի, Պեշկա․

 

Leave a comment